ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յու. Իսկոյանի նախագահությամբ, «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ Նարեկ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել զինծառայությունից խուսափելու մեջ և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Բանակի փոխարեն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա կհայտնվի «ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում»: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ամբաստանյալը հրաժարվել էր զինծառայությունից՝ հայտարարելով, որ 2009թ-ից հանդիսանում է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ և իր կրոնական համոզմունքներից ելնելով չի կարող ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, թե որպես ժամկետային զինվորական և, թե այլընտրանքային զինվորական ծառայող: Ամբաստանյալը հայտնել է նաև, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր քաղաքացիական պարտականությունը կկատարի իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայության ձևով:

Ըստ վկաներ, Վարդենիսի զինկոմիսարիատի աշխատակիցներ Արսեն Վարդանյանի ու Արթուր Մեքոնյանի ցուցմունքների, ամբաստանյալը հայտարարել է, որ «հանդիսանում է Եհովայի վկա և կծառայի միայն մեկ աստծո»: Ամբաստանյալի հայրը, «Եհովայի վկա» կազմակերպության անդամ, վկա Վարուժան Գրիգորյանը ցուցմունք է տվել առ այն, որ Ն. Գրիգորյանը փոքր հասակից մասնակցել է կրոնական կազմակերպության ժողովների, իսկ 2009թ. ապրիլի 24-ին մկրտվել և դարձել է «Եհովայի վկա» կազմակերպության անդամ:

«Փաստինֆո»-ն հիշեցնում է, որ Ազգային ժողովում քննարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով փաթեթը, նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք, ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց` նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև: Ըստ նախարարի, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մեզանում այլընտրանքային զինվորական ծառայության ինստիտուտը չի կայացել և այս պահի դրությամբ այլընտրանքային զինվորական ծառայություն ունենք միայն օրենսդրության մակարդակով: 2005-2006թ.թ.-ին եղել են այլընտրանքային զինվորական ծառայության անցած փոքրաթիվ զինապարտներ, ովքեր կարճ ժամանակ անց լքել են ծառայության վայրերը, որին հաջորդել են համապատասխան քրեադատավարական ընթացակարգերը:

ՀՀ արդարադատության նախարարը առաջարկում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ամրագրել այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն: Նախատեսվում է նաև կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը` գործող համապատասխանաբար 36 և 42 ամիսների փոխարեն: