Շատ քննադատություններ հնչեցին ՀՀ առաջին նախագահի հայտարարության մասին, բայց ես առաջին նախագահի խոսքում նաև դրական շեշտդրումներ տեսա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Նա բացառեց ՀԱԿ-ի կողմից որևէ բան, որը կվնասեր երկրին, դա լավ է, քանի որ ՀԱԿ-ի գործիչները միշտ ծայրահեղ են խոսում», - նշեց նա:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ Մարտի մեկի հանրահավաքի ժամանակ հետաքրքիր էր,որ ընդդիմադիր առաջնորդի համար նույնպես ՄՄ-ն արդեն այլընտրանք չունեցող կառույց է և միանալն արդեն անխուսափելի է:
Անդրադառնալով արդեն ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միությանը, Կարինե Աճեմյանը նշեց, թե չորս ուժերն իրար հետ միասին 2017, 2018 թվականի խնդիրներն են լուծում: Թևան Պողոսյանն էլ խոսելով առաջնորդի մասին, նշեց, թե դա լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, կարևոր չէ, կարևոր է, որ կկարողանա կոնսորիդացիայի շնորհիվ համախմբել մարդկանց:
Անդրադառնալով այն տեսակետին, թե հնարավոր է, որ դա լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա նշեց. «Ամեն ուժ իր ժամանակում կլինի, այսօրվա դրությամբ Քոչարյանի լինելու համար նախադրյալներ չկան, թե ինչ կլինի վաղը, հետո պարզ կլինի»:
Իսկ հանրապետական պատգամավորի խոսքերով, չորս ուժերը կարող են միավորվել երկրորդ նախագահի շուրջ : «Այն փաստը, որ նա վերջերս ակտիվ է, թույլ է տալիս մտածել , որ նա ցանկանում է վերադառնալ քաղաքականություն», - նշեց նա: