Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն ընդամենը երկու օր առաջ է վերադարձել Ուկրաինայից և այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բոլոր երկրների համար պետք է դաս լինեն, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ ինչ–որ բանի հասնելը շատ վատ է:
«Ես հասկանում եմ, որ կոռումպացված ղեկավար ունենալը շատ վատ է, բայց նաև հասկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հետագայում մեծ վնասներ կկրի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը չպետք է դիտորդի կարգավիճակում լինի, քանի որ Ուկրաինայում 20 միլիոն ռուս է ապրում: Ամեն ինչին վարդագույն ակնոցներից չի կարելի նայել։ Բոլոր այն ուժերին, ովքեր ոգևորված են Ուկրաինայի հեղափոխությամբ, խորհուրդ կտամ ընդամենը հինգ օրով լինել այնտեղ, պատկերացում կազմելու համար, որ այդչափ ոգևորվել պետք չէ»,-ասաց Կարինե Աճեմյանը։
Նույն ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, խոսելով Ուկրիանայի դեպքերի մասին, ասաց, թե չի կարելի փոքր խմբերին ուշադրություն չդարձնել, որովհետև դա մի օր կբերի «մայդանի», և որոշ ժամանակ անց երկրի ղեկավարը պարզապես չի իմանա որտեղ թաքնվել։
«Մենք պետք է մեր հարցերով զբաղվենք և մտահոգվենք։ Ուկրաինան միակ տեղն է, որտեղից պետք է և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչները դասեր քաղեն»,-ասաց Թևան Պողոսյանը, ավելացնելով, թե ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է սցենար ունենա և տեսլական, թե իշխանության գալու դեպքում, ինչպես է այն կյանքի կոչելու։