Կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի ընտրության հարցում աշխատողների հանդեպ կիրառվում են ճնշումներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց «Դեմ.եմ» շարժման անդամ Հարութ Աղրամազյանը, հավելելով, որ կան ճնշումներ նաև ֆոնդերի ընտրության հարցում:
Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք ֆոնդեր չեն ընտրել և այդ դեպքում գումարները փոխանցվում են միջանկյալ հաշիվներին, որի դեպքում այդ գումարները չեն կարող ավելանալ:
«Դուք տեսնում էիք, որ ավտոբուսներով մարդկանց տանում էին ֆոնդ ընտրելու, ինչպես ընտրությունների ժամանակ: Եվ տեսանյութից պարզ էր դառնում, որ նրանք նույնիսկ այդ ֆոնդերի մասին չգիտեին համապատասխան տեղեկություններ», - նշեց նա:
Շարժման անդամ Դավիթ Մանուկյանի խոսքերով էլ, պետք է բոլոր այդ մարդիկ ինքնակազմակերպվեն:
«Դեմ.եմ-ն ամեն ինչ անում է դրա համար, սակայն չենք կարող ամեն ընկերություն մուտք գործել, իրենք իրենցով պետք է կազմակերպվեն», - նշեց նա:
Վերջինս նաև հավելեց, որ մարտի 28-ին ոչ թե լինելու է ՍԴ-ի որոշումը, այլ միայն գործով առաջին դատաքննությունը:


