Կանանց մեկամսյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը և Առողջապահության նախարարությունը նախաձեռնել են բաց դռների օր, որի շնորհիվ կանայք հնարավորություն կտան անվճար կամ որոշ դեպքերում մատչելի գներով հետազոտություն անել և անհրաժեշտության դեպքում վիրահատության ենթարկվել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս ակցիայի մասին խոսեց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջապահության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Սովորաբար տոնի առթիվ տարբեր միջոցառումներ են լինում: Ակցիաներ են լինում: Հայտարարվեց մեկ ամսյակ կանանց համար, շեշտը դրվել է վերարտադրողական առողջության վրա: Հրամանը ստորագրվել է Առողջապահության նախարարի կողմից երևանի համար առանձին, մարզերի համար առանձին», - նշեց նա:

Նրա խոսքերով, այս ամենը լինելու է անվճար հիմունքներով, միայն բացառություն են կազմելու թանկարժեք սարքավորումների միջոցով կատարվող հետազոտությունները, որը հիմա նույնպես պետպատվերի շրջանակներում չի կատարվում:

Տիկին Սարիբեկյանը նշեց, որ շատ կանայք են սպասում այս օրերին և պատրաստվում են դիմել բուժհաստատություններ և հերթերից խուսափելու համար մի քանի խորհուրդներ տվեց.

«Առաջին հերթին պետք է դիմել համայնքի պոլիկլինիկա, հետազոտություններից հետո պարզ կլինի տեղում կլինի բուժօգնությունը, թե անհրաժեշտություն կա դիմել մասնագիտական հաստատություններ, այդտեղ հետազոտությունից հետո էլ նոր պարզ կլինի, անհրաժեշտություն կա դիմել վիրահատության, թե ոչ», - նշեց նա, հավելելով, որ այն մարդիկ, ովքեր չեն մտնում պետպատվերի շրջանակներում նույնպես կարող են օգտվել այս ակցիայից, նույնպես համայնքային պոլիկլինիկայի միջոցով:

Ակցիայի ճիշտ ընթացակարգի համար լինելու են համակարգող անձինք, թե Երևանի քաղաքապետարանում, թե բժշկական հաստատություներում: