Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ  երեկ փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը: Ոտքի էին կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակչությունը: Բնակչությունը մտավախություն ունեին, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով երեկ ներկա էր ցույցի ժամանակ, ներկայացրեց մանրամասներ ստեղծված իրավիճակից:

«Սայլն առաջ էին դրել եզներից: Գյուղացիների բողոքն արդարացի է: Մի քանի տարի շարունակ նրանց տարբեր բան են ասում, տարբեր բան՝ անում»,- նշեց Լյովա Խաչատրյանը:

Նա նշեց, որ  այսօր հանդիպել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, քննարկել ստեղծված խնդիրները:

«Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրավիրել է ինձ, քննարկել ենք հարցի դրական և բացասական կողմերը: Փոխվարչապետը որոշեց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի ջրատարի հարցով»,- նշեց պատգամավորը:

Ասուլիսին ներկա «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, նշեց, թե ավելի վաղ իրենք հանդիպել են ժողովրդի հետ, լսել նրանց պահանջները:

«Այս պահին ընդամենը ջրագիծն է վերակառուցվում, թող թույլ տան ջրագիծը վերակառուցվի, դրանից հետո ՀԷԿ-ը կկառուցեն: Ժողովրդի պահանջը ջուր ունենալն է, ՀԷԿ-ի կառուցումից հետո էլ նրանք միանշանակ ջուր կունենան»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես անդրադարձավ այս թեմային, նշելով, որ նման խնդիրներ ստեղծվում են այն պատճառով, որ ժողովրդին ժամանակին պատշաճ կարգով տեղյակ չեն պահում տեղի ունեցող իրադարձությունների մասին: