Վախենալը քաղաքական կատեգորիա չէ և ես չեմ վախենում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ և ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումների հետևանքներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Բանակցելը քաղաքական կատեգորիա է, պետք է ողջունել, իսկ թե ինչ կկատարվի դրա արդյունքում, հետո պարզ կլինի», - նշեց նա:

Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, թե շատերը այս հանդիպումից հետո միկրոինֆարկտ կստանան: Անդրադառնալով այս տեսակետին, ՀՀԿ-ական պատգամավորը նախ խորհուրդ տվեց դեղ խմել հենց Զուրաբյանին:

«Մեզ միկրոինֆարկտի հասցնելու մասին հայտարարած Լևոն Զուրաբյանն ինքը վալերիանայի կոճակներ խմելու կարիք ունի: Քանի դեռ իրենք միկրոինֆարկտ չեն ստացել, թող իրենք կոճակներ խմեն», - նշեց նա:

Նա խորհուրդ տվեց նայել ՀԱԿ-ի գաղափարախոսությունը և թե հիմա ուր է գնում: Այն դիտարկմանը, թե նկատի ունեք Գագիկ Ծառուկյանի մոտ, նա նշեց.

«Այո, Ծառուկյանը եղել է մեր կոալիցիոն գործընկերը, և մարդիկ, որ այսօր գնացել են նրա մոտ, խանդով են վերաբերվել մեզ: Իսկ մենք ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին չենք խանդում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր դերը, և թող Զուրաբյանն զբաղվի իրենց կուսակցության գործերով, ոչ թե մյուսներին ընդդիմություն հռչակի», - հայտարարեց նա: