ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ս.թ. մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:
Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ողջունելով հյուրերին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման և դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաև նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման և դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձևավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:
ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարևորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների և Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: