«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց խմբագրություն ահազանգած դատապարտյալի մայրը՝ Ռոզա Սարդարյանը:
Վերջինս հայտնեց, որ որդին կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ հացադուլ հայտարարելու պատճառն այն է, որ նա բազմաթիվ նամակ-խնդրանքներ է գրել մի շարք ղեկավար անձանց, ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին, իրեն այլ ՔԿՀ տեղափոխելու համար: Սակայն պատասխան, դատապարտյալն այդպես էլ չի ստացել:
Ավելի վաղ YerevanNews.am-ը գրել էր, որ դատապատյալն ունի հոգեկան և այլ առողջական խնդիրներ և պարտավոր է գտնվել բժիշկների հսկողության տակ: Սակայն «Վանաձոր» ՔԿՀ-ն չունի համապատասխան բուժանձնակազմ և դատապարտյալին չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել: Այդ իսկ պատճառով էլ դատապարտյալ Արթուր Սմբատյանը պահանջել է իրեն տեղափոխել մեկ այլ ՔԿՀ, որտեղ ինքը կարող է բուժօգնություն ստանալ:
«Որդիս երեկ նորից նամակ է գրել և Վանաձորի ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Մամիկոն Բրուտյանի խնդրել է, որ համապատասխան մարմիններին տեղեկացնի իր առողջական վիճակի մասին, սակայն նա հրաժարվել է որդուս խնդրանքը կատարելուց: Երեկվանից հացադուլ է հայտարարել ու բացի դա, նաև ինքնավնասման փորձեր է կատարում՝ տարբեր տեսակի մետաղական իրեր է կուլ տալիս»,-ասաց Ռոզա Սարդարյանը և հավելեց, որ ածելի կուլ տալու հետևանքով արդեն երկու օր է, ինչ որդին արյուն է փսխում, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցներից և ոչ մեկին չի հետաքրքրում այդ ամենը:
«Որդիս ասում է, որ երկու օր է հացը դռանից կախած է թողել, ոչ մեկ չի հարցնում, թե ինչի չես ուտում, ոչ մեկ չի հետաքրքրվում, թե ինչ վիճակում եմ գտնվում»,-ասաց Ռոզա Սարդարյանը: