Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, թե կգա մի ժամանակ, որ իրենց չորս ուժերին կմիանան նաև իշխանության ներկայացուցիչները և հինգով կպահանջեն արմատական փոփոխություններ:
Նույն ճեպազրույցների ժամին լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք հնարավոր է նման բան և թե ինչ կլինի այդ դեպքում:
«Կգա ժամանակը, որ շատ պատգամավորներ կհրաժարվեն նրանից ինչ թելադրվում է Բաղրամյան 26-ից և դա կլինի միայն այն դեպքում, երբ Բաղրամյան 26-ը թուլանա, իսկ ընդդիմությունը ուժեղանա», - նշեց նա, հավելելով, որ եթե այդպիսի անհատներ գնան այդ ճանապարհով, նրանք կարող են միանալ իրենց և փորձեն արդար ընտրություններ անցկացնել:
«Երբ ես ելույթ եմ ունենում դահլիճում՝ տեսնում եմ, որ շատ իշխանության ներկայացուցիչներ համակրանքով են վերաբերվում իմ ասածներին», - նշեց նա:
Այն հարցին, թե ո՞ր դեպքում նրանք կհրաժարվեն իշխանափոխությունից, Արամ Մանուկյանը նշեց.
«Երբ լֆիկները դառնան շարքային հարկատուներ, արտագաղթը փոքրանա, աղքատությունը վերանա»:
Նա միաժամանակ նշեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի սկիզբն է:
Միաժամանակ ՀԱԿ պատգամավորի խոսքերով, իրենք ոչ մի դեմ բան չունեն ներկայիս վարչապետի հանդեպ, այլ խնդիրը՝ համակարգի մեջ է: