Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվա Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ.եմ»-ին հրավիրեց երկխոսության: Արդեն նիստից հետո լրագրողները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք նման կերպ Կառավարությունը ետ քայլ է անում: Սրան ի պատասխան, նախարարը նշեց.
«Կառավարությունը ետ քայլ չի անում առաջ քայլ է անում», - նշեց նա, այդպես էլ չհստակեցնոլով, թե Կառավարությունը պատրա՞ստ է զիջումների գնալ համակարգի հետ կապված հարցերի շուրջ:
«Ես այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություններ ու դիտարկումներ չեմ կարող ներկայացնել, ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել ու վարչապետի ասածը, կարծում եմ, շատ հստակ էր, որ պետք է աշխատանքներն իրականացվեն, քանի որ այս դեպքում միանշանակ է, որ թե՛ կառավարության, թե՛ իշխանությունների քաղաքականությունը միտված է երկրի ապագային ու զարգացմանը։ Եվ նաև երիտասարդները, որոնք ևս նույն մտահոգություններն ու խնդիրներն ունեն։ Այս դեպքում տարընթերցումներ չեն կարող լինել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ինչ իմաստ ունեն բանակցությունները, եթե Կառավարությունը չի պատրաստվում զիջումների գնալ, պատասխանեց.
«Այդ քննարկումները կլինեն, և ըստ այդմ կլինեն համապատասխան առաջարկություններ: Կառավարությունը իրականացնելու է իր քայլերը, այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, որոնք հիմնավոր քննարկումներ են պահանջում, և որոնց առնչությամբ հնարավոր է գտնվեն տարբեր լուծումներ», - նշեց նա:


