Ավագանու hերթական նիստին «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցերին ի պատասխան էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նախագծում սահմանված մեկ «օպերատոր» հասկացությունը բնավ չի նշանակում, թե միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցն է իրականացնելու ուղևորափոխադրումները.
«Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա ուղղակի անհնար է իրականացնել, քանի որ Երևան համայնքը անհրաժեշտ քանակության տրանսպորտային միջոցներ չունի: Բացի այդ, մեր քաղաքականությունն այդ հարցում հստակ է. մասնավոր ընկերություններն անպայման պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ինչը և՛ առողջ մրցակցություն է ապահովում դաշտում, և՛ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիների համար որակյալ սպասարկում ապահովելու:
Իսկ օրենքի նախագծի տրամաբանությունն այն է, որ համայնքային ենթակայության կառույցը իր կողմից սպասարկվող երթուղագծերը շահագործի առանց մրցույթի մասնակցության, իսկ մրցույթներն անցկացվեն բոլոր այն երթուղագծերի համար, որոնք մնում են թափուր: Ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթին, ապա այո՛, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե՝ այսինչ օրը ուղեվարձը կթանկանա:
Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել: