Ինչպես արդեն հայտնել ենք, վաղը տեղի կունենա կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ.եմ» նախաձեռնության հավաք երթը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամները նշեցին, որ վաղվա հավաք-երթին իսկապես ցույց են տալու իրական կոնսոլիդացիա:
Նրանք նշեցին, որ որպես կազմակերպիչ հրավերներ են ուղարկել այն մարդկանց, ում մտածել են, թե իսկապես ասելիքներ ունեն այս հարցի շուրջ:
Նրանք նշեցին, որ հավաքի ընթացքում ելույթ կունենան ԱԺ չորս ուժերի ներայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը, նաև արվեստի ոլորտից Աշոտ Ադամյան:
Խոսելով այն մասին, թե ինչու որոշվեց հենց հրավիրել Ժիրայր Սեֆիլյանին և Նիկոլ Փաշինյանին, նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց.
«Ժիրայր Սեֆիլյանը մի անձ է, ով ցույց է տալիս պայքարող մարտիկի օրինակ, նա մեզ աջակցել է ինչով կարողացել է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, մենք գիտենք, որ նա լավ հռետոր է և օրենքի հետ կապված ասելիք՝ հիմնավորումներով նա կունենա:Նա նույնպես աջակցել է մեզ մշտապես», - նշեց նա:
Այն դիտարկմանը, թե ինչու որոշվեց լայնացնել հարթակը, նա նշեց, թե այսպիսի հավաք-երթ եղել էր միայն հունվարի 28-ին և միայն այն անձինք էին ներկա, ովքեր գործ ունեին ՍԴ-ի որոշման հետ: Այս անգամ, նրա խոսքերով, ելույթների հարթակն ավելի լայն կլինի:
Խոսելով քաղաքականացված լինելու մասին, նա նշեց. «Չեմ կիսում այն տեսակետը, թե մենք հարթակից ձայն ենք տալիս նրանց, ուրեմն քաղաքականացվում ենք: Եթե քաղաքականացվել ասելով նկատի ունեք ձգտել իշխանության, ապա մենք չենք քաղաքականացվում», - նշեց նա, հավելելով, որ իրենց առջև ոչ մեկ պայման չի դրել, որպեսզի ձայն չտան Փաշինյանին և Սեֆիլյանին: