Քիչ առաջ YerevanNews.am-ի խմբագրություն էր զանգահարել դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանը, ով հայտնեց, թե որդին այս պահին ծանր վիճակում է գտնվում:

Բանն այն է, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ դատապարտյալ ունի հոգեկան և առողջական մի շարք խնդիրներ, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում չկա համապատապան բուժծառայություն:

Դատապարտյալի բազմաթիվ դիմում-նամակներից հետո վերջապես նրան տեղափոխեցին մեկ այլ ՔԿՀ, որտեղ էլ իբր պետք է ստանար բուժօգնություն:

Սակայն Արթուր Սմբատյանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց:

«Այս ամենը պայմանավորված է նրանով, որ որդիս «Նուբարաշեն» ՔԿՀ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործւթյունների վերաբերյսալ ՀՀ ՀՔԾ-ում ցուցմունք հաղորդում է տվել: Իրենք քաջ գիտակցելով, որ որդիս ունի հոգեկան շեղումներ և ինքնավնասման հակում, միտումնավոր հիվանդ որդուս տեղափոխել են պատժախուց, որպեսզի այդ ցավերին չդիմանա կատարի ինքմավնասում կամ ինքնասպանություն գործի, իսկ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ադմինիստրատիվ աշխատողներն էլ պատճառաբանեն, թե ինքնավնասման հակում ուներ և ինքնասպան եղավ»,-ասաց դատապարտյալի մայր Ռոզա Սարդարյանը:


Հիշեցնենք, որ Հատուկ Քննչական Ծառայությունն ավելի վաղ հայտնել էր.
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական հիմնարկին կից հացի գործարանում գիշերային ժամերին քրեակատարողական հիմնարկի տարածքից բացակայելու նպատակով յուրաքանչյուր բացակայության համար իր նկատմամբ հսկողություն իրականացնող, քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետեր Ա. Ա.-ին, Ա .Մ.-ին, Ա. Խ.-ին և Հ. Ա.-ին պարբերաբար տվել է կաշառք: Կատարվում է նախաքննություն:

Ըստ դատապարտյալի մոր՝ Ռոզա Սարդարյանի, նրանց այս քայլով էլ կփակվի իրենց հանցագործությունները, որնք քննվում են ՀՔԾ-ում:

«Ես տեղեկացել եմ, որ նրանք ամբողջ գիշեր պատժախցում հանգիստ չեն տվել որդուս, միտումնավոր կերպով պատուհանը բաց են թողել և թույլ չեն տվել, որ փակի: Հիմա նրանք ամեն քայլի պատրաստ են՝ որդուս պատժելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անհամբեր սպասում էին, թե երբ պետք է նորից որդիս հայտնվի իրենց ձեռքում և սկսեն նրան տանջամահ անել:
Եթե որդուս հետ ինչ-որ բան պատահի, գլխավոր մեղավորները կլինեն «Նուբարաշեն» ՔԿՀ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանը, հիմնարկի պետ Գենադի Սարգսյանը, տեղակալ Կարապետ Մկրտչյանը և առաջին պետի տեղակալ Սմբատ Բուղլադարյանը»,-ասաց Ռոզա Սարդարյանը: