Ստորև կարող եք կարդալ YerevanNews.am-ի հարցազրույցը վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ: Վրացագետը հարցազրույցի ընթացքում խոսում է Վրաստանի եվրոպամետ քաղաքականության, ՆԱՏՕ ինտեգրվելու ցանկության, Աֆղանստանում վրաց զինվորների մահվան փոխհատուցման գնի մասին:
-Ըստ Ձեզ, Վրաստանի արտաքին քաղաքականությունը դեպի ո՞ւր է ուղղված, ի՞նչ հավանական հեռանկար եք տեսնում:
-Վրաստանում 2004 թվականից ակտիվացավ, իսկ 2005 թվականին Ազգային անվտանգության դոկտրինում ամրագրվեց եվրոպամետ արտաքին քաղաքականությունը և Եվրոմիություն և ՆԱՏՕ ընդգրկվելու գործընթացը: Վրաստանը փորձում է ՆԱՏՕ ինտեգրվելով լուծել ազգային անվտանգության խնդիրները, չնայած ՆԱՏՕ-ն տարածքները վերադրաձնելու հարցում չի կարող ոչ մի դեր խաղալ, սակայն Վրաստանում կա բնակչության մի հատված, որը հավատում է, որ ՆԱՏՕ-ի միջոցով հնարավոր է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքականության այդ վեկտորը արդեն ընտրված է և Վրաստանը աշխատում է դրա իրականացման ուղղությամբ:
-Ի՞նչ քայլեր է կատարվում Վրաստանի կողմից ՆԱՏՕ ինտեգրվելու համար, ինչքանո՞վ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորը և համագործակցային:
-Վրաստանը, լինելով ոչ ՆԱՏՕ անդամ երկիր, ներկայումս Աֆղանստանում ունի ավելի քան 1600 խաղաղապահ զինծառայողներ. Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականեցնող ոչ ՆԱՏՕ անդամ երկրների շարքում հարևան Վրաստանը գտնվում է առաջին հորիզոնականում: Նույնիսկ Ավստրալիան, որն ունի ավելի մեծ տարածք, քան Վրաստանը, զինվորների թվաքանակով զիջում էր վերջինիս: Դա Վրաստանի կողմից արվում է, որպեսզի ցույց տա, թե ինչի է պատրաստ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար: Իր հերթին ՆԱՏՕ անդամ երկրներին դա ձեռնտու է, քանի որ իրենց երկրների քաղաքացիներն ավելի քիչ վտանգված կլինեն: Ֆինանսական առումով էլ է ձեռնտու, եթե իրենց զինվորի մահվան դեպքում բավականին խոշոր փոխհատուցում պետք է վճարեն, վրացի զինվորի դեպքում 10.000-15.000 դոլար է կազմում: Այսպես, Վրաստանը լինելով հավակնորդ երկիր, ցույց է տալիս, որ կարող է ամեն ինչ զոհաբերել, որպեսզի դառնա եվրոպական երկիր, մոռանալով, որ նա վաղուց եվրոպական երկիր է: Այժմ Վրաստանը բալանսավորված քաղաքականություն է իրականացնում, կառուցելով Եվրոմիության հետ հարաբերությունները, վերսկսելով սոցիալ-տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
-Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հավանական բաերլավման պարագայում հնարավո՞ր է Արևմուտքից ճնշում ուղղված Վրաստանին:
- Եթե Արևմուտքն այնքան ներդրումներ կատարի Վրաստանում, որ Վրաստանին այլևս անհրաժեշտ չլինի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը, ապա այդ դեպքում հնարավոր են որոշակի ճնշումներ: Բայց, քանի որ Արևմուտքը ևս անցնում է ճգնաժամի միջով, այդ ամենը թույլ չի տալիս այնքան ներդրումներ կատարել, ինչքան անհրաժեշտ է Վրաստանին, ուստի Ռուսաստանի հետ հարաբաերությունները չեն խոչընդոտվում: Այն հարաբերությունները, որոնք այժմ գոյութնուն ունեն Վրաստանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված են եվրո-ատլանտյան գործընկերների հետ: Այս պայմաններում չկան այնպիսի ուժեր, որոնք կխոչընդոտեն վրաց-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ նրանք դեռ սահմանափակ են և կողմերի միջև հարաբերություններում կան կարմիր գծեր և սահմանափակումներ:
Այսպիսով, Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը ուղղված է Եվրոմիություն, ամեն ինչ իրականացվում է ՆԱՏՕ ինտեգրվելու ուղղությամբ, չնայած որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականություն էլ է իրականացվում:
Հեղինակ Սուսաննա Խլղաթյան