Օրերս համացանցում հայտնվել էր մի  ձայնագրություն, որտեղ դատապարտյալ Վարդան Սեդրակյանի կինն ու Ալեքսանդր Աբրահամյանը խոսում են միլիոնավոր դոլարների մասին: Սրա հետ կապված  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմում են ԱԱԾ-ին եւ ՀՀ Գլխավոր դատախազին` կարծելով, որ սույն ձայնագրությունը կապ ունի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ով ըստ Ալեքսանդր Աբրահամյանի իր որդուց վերցրել է միլոնավոր դոլարներ, որն ուղղակի կապ կարող է ունենալ սույն քր.գործի հետ: Իսկ ձայնագրությունում Աբրահամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն, Սեդրակյանի կնոջ պատասխանին էլ, թե խուզարկության ժամանակ իրենց տնից գումար չի հայտնաբերվել, անդրադառնում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ, որը տարօրինակ է, որովհետեւ տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ, որի համար դիմում ենք Ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ Գլխավոր դատախազին»,- ԱԻՄ առաջնորդի բաց նամակ հայտարարությունը կարդաց նրա փաստաբանը:

Պարույր Հայրիկյանն ու իր փաստաբանը բարձրացնում են մի շարք հարցեր` ակնկալելով ստանալ հստակ պատասխան.

1. Զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որն իբր ստացել է նույն քր. գործով դատապարտյալ Վ. Սեդրակյանը, որքանո՞վ կապ ունի Հայրիկյանի քր. Գործի հետ:

2.  Արդյոք տված գումարների վերադարձը կապ ունի՞ Հայրիկյանի մահափորձը ոչ իրենց կամքով ի կատար չածելու հետ:

3.  Ի՞նչ գումարներ են դրանք, և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման թեմային: