Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո, ոլորտի մասնագետների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ համաժողովը չսկսված` բնապահպանները ներխուժել են հյուրանոցի ճեմասրահ և նախարարներին ու արտասահմանցի հյուրերին հյուրասիրել գետի ջրով:


