Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությանն անդրադարձավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե իրենք պատրաստ են բանակցել «Դեմ.եմ» նախաձեռնության հետ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքում առկա բացթողումները քննարկելու համար:
«Հանրապետության վարչապետը դիմելով «Դեմ.եմ»-ին, ասեց, որ պատրաստ են բանակցել այդ օրենքում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, ինչին նախաձեռնության անդամները նշեցին, որ պատրաստ են այն դեպքում, եթե պարտադիրը հանվի: Հիմա ինձ հետաքրքիր է, ի վերջո փոփոխություն կլինի՞, թե ոչ», - նշեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, թե իրենք միշտ էլ պատրաստ են բանակցեկու, բայց առանց նախապայմանների:
«Մենք պատրաստ ենք աշխատելու «Դեմ.եմ» շարժման հետ, որպեսզի շտկենք այն բացերը, որոնք կան օրենքում: Սակայն չեմ կարծում, որ պետք է նախապայմաններով խոսեն, թե իրենք մեզ հետ, թե մենք իրենց», - նշեց նա:
Ուրիխանյանը ևս մեկ անգամ կրկնեց իր հարցը. « Վերանայվելու՞ է, թե ոչ, հանվելու՞ է, թե ոչ»:
Վաչե Գաբրիելյանն էլ նշեց. «Մենք պատրաստ ենք քննարկել առաց նախապայմանների և հենց այդ ժամանակ էլ կքննարկենք բոլոր ձևաափերը: Մենք չենք ցանկանում, որ իրենք նախապայմաններ դնեն», - նշեց նա, հավելելով, թե կարծում է, որ այդ հանդիպումը կլինի ՍԴ-ից հետո:


