Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկարաձգել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից: Ի պատասխան Արմեն Մովսիսյանը նշեց, որ շարունակվում են նոր միջուկային էներգաբլոկի հետ կապված աշխատանքները:
«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների ձգձգման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գործող էներգաբլոկի նախագծային ժամկետը: Էներգաբլոկի աշխատելուն զուգընթաց միաժամանակ ակտիվացնում ենք հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները: Այս դանդաղությունը պայմանավորված էր ոչ թե մեզանով, այլ միջազգային տնտեսական ճգնաժամով, որը հնարավորություն չտվեց ֆինանսավորում գտնել նոր միջուկային կայանի կառուցման համար»,- տեղեկացրեց նախարարը: