ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով մարտի 31-ից սպասվում է ջերմաստիճանի անկում՝ գիշերը կդիտվի օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։ Մեծ է ցրտահարման վտանգը հանրապետության ցածրադիր գոտում ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի չթաղված վազերի համար։
Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝
* Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների ուղարկումը երեք կապուղիներով։
* Համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը վտանգի ենթակա տարածաշրջանների բնակիչներին զանգվածային լրատվության բոլոր միջոցներով։
* Հեռուստատեսային համապատասխան տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
* Կազմել մարտի 30-ից փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների գլխավորությամբ խորհրդատվական խմբերի մարզային և համայնքային այցելությունների գրաֆիկ և խստորեն ապահովել վերջինիս կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։ Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։
ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող փոփոխությունների և համապատասխան խորհրդատվության համար օգտագործել մարզային հեռուստատեսությունների և ռադիոյի հնարավորությունները։
Հանձնարարվել է նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբում հանդես գալ մամուլի ասուլիսով և հանգամանորեն ներկայացնել իրավիճակն ու հանձնարարվող խորհրդատվությունը։
Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի այդ մարզերի բոլոր համայնքապետերին, տեղում կծանոթանա սպասվող վտանգը դիմագրավելու հնարավորություններին, կտա համապատասխան հանձնարարականներ ու խորհուրդներ։
Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը Վայոց Ձորի և Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզպետարաններում կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։