Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին:

Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի են Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում են ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

* * * * * * * *

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները:

Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը հաղթահարելու համար: