Սիրիայի Լաթաքիա քաղաք մեկնած Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրենց տպավորությունները կիսեցին քեսաբահայերի հետ հանդիպումից։


Պատգամավորները նշեցին, որ այցը եղել է մասնավոր նախաձեռնություն և շնորհակալություն հայտնեցին ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արման Սահակյանին՝ այցը ֆինանսավորելու համար։


«Նպատակն այն էր, որ գնայինք՝ մեր աչքով տեսնեինք տեղի ունեցող իրադարձությունները։ Շատ դժվար էր տեսնել նրանց ու փորձել չհուզվել»,-ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը։


«Մեկ տարուց ավելի է, որ Հայաստանից Սիրիա պետական այցելություն չէր եղել։ Մեր հիմնական նպատակը մեր հայրենակիցներին հանդիպելն էր, բայց քանի որ սիրիական իշխանությունների կողմից կար հրավեր՝ չգնալ և Սիրիայի իշխանություններին չհանդիպելը սխալ էր։ Մեր խնդիրն այն էր, որ ասեինք, որ պատրաստ ենք աջակցել մեր հայրենակիցներին»,-հավելեց նա։


Էդմոն Մարուքյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, թե Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մարդիկ պատմում էին, թե Քեսաբում հերթապահություն սահմանած հայերը նկատել են, որ զինյալները հետ են քաշվել ու սկսել կրակել, նրանց միացել են նաև թուրք զինյալները։


«Սիրիական բանակի աջակցությամբ Քեսաբի բնակիչները տեղափոխվել են Լաթաքիա։ 320 ընտանիք այսօր Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում օգտվում են իրենց տրամադրվող օգնությունից և սննդից։ Մեր հայրենակիցները հստակ գիտակցում են, որ իրենց տները վերադառնալուն պես չեն տեսնելու այն, ինչ թողել են, դրա համար մեզ խնդրում էին, որ և՛ Հայաստանը, և՛ աշխարհասփյուռ հայությունը իրենց օգնեն՝ վերականգնելու իրենց տնտեսությունը»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե տեղեկություններ կան, որ Քեսաբի տներն ամբողջությամբ թալանված են։


Պատգամավորն ասաց նաև, թե իրենց հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցները պատմել են, որ դեռ երկու տարի առաջ ահաբեկիչները Հալեպի հայկական գործարանները, այսպես ասած՝ «բոլտ ու գայկայով» քանդել ու տարել են Թուրքիա։


«Սա ապացույցն էր այն բանի, որ ոչինչ չի փոխվել՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, պարզապես մեթոդներն են փոխվել՝ ինտերնետ, Facebook և այլն»,-նշեց Էդմոն Մարուքյանը։


Թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով ևս մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե դեռ մինչև այժմ թուրքերի մոտ կա այն կեղծ հիմնավորումը, թե Քեսաբն իրենցն է, ոչ թե Սիրիայինը։


«Իրականում Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն է, որը չէր վերահսկվում գրոհայինների կողմից, և վաղ թե ուշ այն մի օր անցնելու էր ահաբեկիչների ձեռքը։ Տրամաբանական էր, որ Սիրիայի նախագահ Ասադին հասնելու համար նրանք պետք է վերցնեին Լաթաքիան, իսկ Լաթաքիային հասնելու համար նախևառաջ պետք է վերցնեին Քեսաբը»,-նշեց թուրքագետը՝ ասելով, թե գովելի է, որ #savekessab հեշթագը դարձել է թրենդային ու մենք մեկ անգամ ևս պետք է օգտագործենք այս փաստն ու աշխարհին հիշեցնենք Ցեղասպանության մասին։


Անդրադառնալով համացանցում տարածվող նկարներին, որտեղ երկու տարի առաջ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն են, Արտակ Շաքարյանն ասաց, թե Քեսաբի խնդիրն ուռճացնելով՝ այն չպետք է հասցնել ստի աստիճանի։


«Կոչ եմ անում զգոն լինել, քանի որ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ևս Քեսաբը շարունակի կռվախնձոր մնալ երկու պետությունների միջև»,-ասաց թուրքագետը։

 

 

Նյութի աղբյուրը՝ Թերթ.am