Ժողովուրդ թերթն անդրադարձել է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը և հիշեցնում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:

Թերթի թղթակիցն օրեր առաջ այցելել էր ձերբակալվածներից Խաչատուր Պողոսյանի հարազատներին և զրուցել նրանց հետ: Վերջիններս պնդել էին, որ Խաչատուրի և Սամվելի «գլխին սարքել են», և իրենք շատ լավ գիտեն պատվիրատուի անունը:

Խ. Պողոսյանի զոքանչը` 51-ամյա Կարինե Էլչակյանը, թերթի թղթակցի հետ զրույցում պնդել էր, որ ինքը շատ լավ գիտի, թե ով է պատվիրել Պ. Հայրիկյանի մահափորձը. «Ես 99 տոկոսով համոզված եմ, որ այս ամենը Վարդան Սեդրակյանի ձեռագիրն է, նա է դրդել այս երկու անմեղ տղաներին, որ գնան այդ արարքին»,- ասել է Կ. Էլչակյանը:

Երեկ թերթի թղթակիցը զրուցել է նաև նաև Սամվել Հարությունյանի մոր` Ռոզա Գալստյանի հետ, ով իր խոսքում ասել է. «Վարդան Սեդրակյանի հետ ես գործ չունեմ, և նրա մեղավորության մասին ոչինչ ասել չեմ կարող: Չգիտեմ` իմ տղայի գլխին սարքել են, թե` ոչ, բայց նման մի բան հաստատ կա, քանի որ իմ տղան այդ տղան չէ»:

Թերթը նշում է, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը փետրվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մահափորձը հետաքննողներն իրենց տարօրինակ են պահում, կատարողներին բացահայտել են, բայց ոչ մի առաջընթաց:

«Երևի բավարար անկախություն չունեն: Դա կարող է նաև վտանգավոր լինել»,- գրել է Պ. Հայրիկյանը: