Այս օրերին քաղաքական դաշտի թերևս ամենակարևոր և հետաքրքրաշարժ լուրերի շարքում են ՀՀ նորանշանակ վարչապետն ու նոր ձևավորվող կառավարության կազմը:
YerevanNews.am-ի տեղեկություններով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նոր ձևավորվող թիմում է լինելու նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Վերջինս առաջիկայում նոր պաշտոնի է անցնելու, որը շատերին է զարմանալու առիթ ընձեռելու: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե որ ոլորտում կտեսնենք նախկին մարզպետին, բայց բանակցություններն արդեն մեկնարկել են:
YerevanNews.am-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Սուրեն Խաչատրյանի հետ, որը մեր հարցը լսելուց հետո, հանկարծ հիշեց Համո Սահյանին:
«Որպես լրագրող դու էսօր ինձ Համո Սահյանից հարցրու, որովհետև էսօր Համո Սահյանի ծննդյան օրն է»,-իր խոսքում ասաց Սուրեն Խաչատրյանը:
Մեր այն դիտարկմանը, թե գրականագետին զանգահարելու դեպքում՝ անպայման Համո Սահյանից կհարցնենք, այլ ոչ թե Ձեր նոր պաշտոնից, Սուրեն Խաչատրյանն ասաց.
«Համո Սահյանից, որ հարց տայիր, հաստատ կպատասխանեի, ուրիշ հարց ես տալիս դրա համար չեմ պատասխանում: Հաջողություն»:
Նշենք, որ այսօր կայքերից մեկը գրել էր նաև, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տուն են այցելել նախկին մարզպետներ Էդիկ Բարսեղյանը և Սուրեն Խաչատրյանը: