ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն յուրաքանչյուր 1 դրույք ունեցող ուսուցչին տրամադրվող 132000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի 66000 դրամից համապատասխանաբար առողջության համար տրվող 52000 դրամ կամ 26000 դրամ գումարը կառավարությունը փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որը պետք է տրամադրվի ուսուցչին հավաստագրերի ձևով: Մինչ օրս ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու այդ հավաստագրերը: Ընդ որում, յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն՝ ինֆարկտ կստանա: Նշեմ նաև, որ թղթե հավաստագիրը քաղաքացին մշտապես իր գրպանում է պահելու, որովհետև շտապ օգնության կարիք ունենալու դեպքում առանց այդ թղթի նրան բուժօգնություն չի տրվելու: Իհարկե լուրջ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկիկլինիկաների միջոցով պարտադրվելու են մեր ուսուցիչներին: Իսկ որքանո՞վ են նրանք վստահելի, այսինքն առողջության համար պետության կողմից տրվող գումարն իսկապե՞ս ծառայելու է քաղաքացու բուժմանը, թե՞ բուժհիմնարկների համար այդ պետպատվերը լինելու է ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր, իսկ քաղաքացին, չվստահելով այն բժշկին, ում մոտ գործուղել է պոլիկլինիկան, ստիպված է լինելու իր գրպանից վճարել բուժման գումարը:
Ստացվում է, որ պետությունն ուզում է ապահովագրել աշխատող քաղաքացու առողջությունը, սակայն քաղաքացին չի ընտրելու ո՛չ ապահովագրող կազմակերպությունը, ո՛չ բժշկական հաստատությունը:
Վերջերս մեր խմբակցության գործավարն ու փորձագետը, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ստացան իրենց բժշկական ապահովագրության պլաստիկ քարտերն ու պայմանագրի ուղեցույցը, որը շատ օրինակելի ու ավելի վստահելի է: Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի բժշկական ապահովագրության փորձը տարածել պետական մարմիններում աշխատող բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն սոցիալական փաթեթ:
Անահիտ Բախշյան