ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունացել, գործում են նոր խաղի կանոնները, որը կարծես դեռ բոլորը չէ, որ գիտակցում են:

«Նախագահն ասել է, որ այլեւս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իր ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա ընտրություն կայացվի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ԱԺ փոխնախագահը զգուշացրեց՝ ապագա տասնամյակում դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ «Այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, իսկ ապագա տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է լինելու»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա համոզմունք հայտնեց, որ առնվազն մեկ տասնամյակում ՀՀԿ-ն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը քաղաքական դաշտում: