«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանի նկատմամբ շարունակում են բռնություններ կիրառել:
Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ դատապարտյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» անսպասելի ձևով տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, որից հետո էլ նա ոտքերը մեխել էր:
Արդեն երեկոյան, երբ ԶԼՄ-ներում տարածվեց դատապարտյալի ինքնավնասման մասին լուրը, Արթուր Սմբատյանին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մի քանի ժամվա ընթացքում նրան հիվանդանոցից դուրս են հանել և տարել են:
YerevanNews.am-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել:
Պարզվում է, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանին բերել են «Դատապարտյալների հիվանդանոց», ոտքերից հանել են մեխերը, և հիվանդանոցի բժիշկները հրաման են ստացել, որ նրան պետք է տեղափոխեն մեկուսարան և ոչ թե հիվանդասենյակ:
Բժիշկը հայտնել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և ձախ ոտքը ծանր վիճակում է գտնվում և մեկուսարանում պահելը՝ վտանգավոր է: Սակայն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ նրան պետք է տեղափոխեն մեկուսարան:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Ռաֆայել Հովհաննիսյան անուն ազգանունով այս պաշտոնյան, բժշկին ասում է.
«Գրեք, որ վիճակը լավ է ու տեղափոխեք կարսեր, հիվանդանոցում մի պահեք»:
Բժիշկը հրաժարվել է նման բան գրելուց, սակայն ինչպես հրամայել է Ռաֆայել Հովհաննիսյանը, դատապարտյալին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:
Դատապարտյալ Արթուր Սմբատյանը խնդրել է, որ ՔԿՀ տեղափոխելու փոխարեն, գոնե նրան տանեն Վանաձորի քաղաքային հիվանդանոց, քանի որ ինքն իրեն լավ չի զգում, սակայն վերջինիս խնդրանքը չեն կատարել, քանի որ նման հրահանգ չեն ստացել:
Քիչ առաջ մեր խմբագրություն ահազանգած դատապարտյալի հարազատաները հայտնում են, որ իրենց որդին այս պահին ոչ «Վանաձոր» ՔԿՀ-ում է գտնվում, ոչ էլ Վանաձորի քաղաքային հիվանդանոցում:
Նրանց համար դեռևս անհայտ է, թե որտեղ են պահում իրենց որդուն:
YerevanNews.am-ն առաջիկայում կփորձի նոր մանրամասներ իմանալ: