Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներկայումս գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում, եւ ըստ ամենայնի նրան առաջադրվում է մեղադրանք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Նշված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածին՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։  Այս մասին գրում է «Փաստինֆո»­­-ն:
 
Մեղադրանքի առաջադրումը ենթադրում է, որ էպոսագետը միանգամից կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում եւ կներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։ 
 
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:
 
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
 
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
 
ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
 
Դեպքի վայրից առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, որոնք ուղարկվել են փորձաքննության։ 
 
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով և վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:  Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:
 
Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
 
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
 
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
 
Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները: