Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ պաշտոնական այցող եղել է Ադրբեջանում։ Հայտնում է «Независимая газета»-ն։
Թերթը փոխանցում է, որ սա Օլանդի առաջին այցն է Հարավային Կովկաս և լոգիկա կա, թե ինչու է հենց Ադրբեջանից այն սկսվում։ Աղբյուրը տեղեկացնում է, որ Օլանդը Բաքվում հանդիպել է ֆրանսիական համայնքի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի այցը մեծ քաղաքական նշանակություն ունի. «Այցի հիմնական նպատակներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս այցն երկու կողմերի համար էլ մեծ հնարավորություններ կբացի»,- ասել է դեսպանը:Այսօր արդեն Օլանդը երկօրյա այցով կլինի Հայաստանում, նախատեսված են տարբեր հանդիպումներ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ի դեպ, ՀՀ նախագահականը մինչ այս հայտնել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: