Եվրոպայի նախարարը կոչ է անում բոլոր կողմերին նոր ջանքեր գործադրել՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հինմնական լուծում։ Այս մասին տեղեկանում ենք Gov.uk կայքից։
Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ի իր ելույթում ասել է.
«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին:
Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք
է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու
կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են քան գործող
հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ
հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն:
Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:
Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և
ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու
ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն
ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի
իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք
սրտի այսօր այդ իրավիճակը չէ:
Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և
Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների
փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում
շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի
շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած
գործընթացի կարևոր բաղադրիչ:
Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի
համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության
համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը
մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ
տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ
կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն:
Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն
կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային
Ղարաբաղի ժողովուրդների համար:»