ՀՀ Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար» (No8(238),2014):
Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարևոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը:
Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի:
Հանրային խորհուրդը շարունակելու է իր հետևողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում:
ՀՀ Հանրային խորհրդի մամլո ծառայություն