Ռուսաստանում շարունակում են վրդովվել «Եվրատեսիլ 2014»-ի արդյունքների առիթով, որտեղ հաղթող ճանաչվեց ավստրիացի տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը: Մրցույթի արդյունքները լայն արձագանք ստացան Ռուսաստանի քաղաքական եւ լրատվական շրջանակներում: Այսպես, «Միացյալ Ռուսաստան»-ը «մորուքավոր կնոջ» հաղթանակը սպառնալիք է համարել ընտանեկան ավանդական արժեքներին, իսկ Պետերբուրգից պատգամավոր Վիտալի Միլոնովը խնդրել է արգելել Կոնչիտա Վյուրստի համերգները Ռուսաստանում:
Ռուսաստանցիները ցանկանում են հրաժարվել «Եվրատեսիլ»-ից եւ ստեղծել սեփական՝ «Եվրասիայի ձայն» մրցույթը:
Ըստ comments.ua-ի, Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիին առաջարկել է արգելել Կոնչիտայի համերգները:
«Բեմական կերպարը եւ երգերը, որ կատարում է անորոշ սեռի այդ արարածը, ինքնին վիրավորական են Ռուսաստանի եւ ցանկացած այլ երկրի բնակչության մեծամասնության համար: Նրան մեր երկրի տարածք թողնելն ավելին է, քան հանցավոր անփութությունը»,- նշել է Միլոնովը:

Իսկ Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը (ՌԴԿԿ) կարծում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ»-ից եւ այլընտրանքային մրցույթ ստեղծի՝ «Եվրասիայի ձայնը»:
«Վերջին «Եվրատեսիլ»-ի արդյունքները լցրեցին համբերության գավաթը: Հարկավոր է արդեն այս տարի դուրս գալ այս մրցույթից: Չի կարելի դիմանալ այս անսահման խելագարությանը: Ռուսաստանն ամեն տարի «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար 40 մլն եվրո է ծախսում: Մենք պետք է սեփական մրցույթը կազմակերպենք՝ «Եվրասիայի ձայնը»: Մենք համաշխարհային մակարդակի այնպիսի հզոր միջոցառումներ ենք կազմակերպում, ինչպիսին Օլիմպիադան է, եւ նման մրցույթն առավել եւս կկարողանանք կազմակերպել: Կարծում եմ՝ Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրները, նույնիսկ շատ այլ երկրներ, կաջակցեն մեզ»,- կարծիք է հայտնել Վալերի Ռաշկինը:

Կոնչիտան իր հերթին պատասխանել է Ռուսաստանի վարկաբեկումներին: Եվրատեսիլի հաղթողը լուսանկարների օգնությամբ պատասխան մեկնաբանություն է թողել՝ «To Russia with Love» , ահա այսպես է մեկնաբանված պաստառը, որը Կոնչիտայի ձեռքին է, իսկ լուսանկարում պատկերված է Վլադիմիր Պուտինը՝ չափազանց արտահայտիչ դիմահարդարմամբ: