«Դեռ չգործարկված լուծարվում է Գյումրիի տեխնոպարկը»: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» թերթը: Նշվում է, որ հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում. «Գյումրիի տեխնոպարկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հայկական աշխարհ կառուցելու «գերնորարական» ծրագրերից մեկն էր, և հիմա այն պարզապես հօդս է ցնդում։ Տիգրան Սարգսյանը Գյումրիի տեխնոպարկի ծրագիրը ներդրեց իր պաշտոնավարման հենց սկզբում. 2008թ. հունիսի 12-ին կառավարության նիստում հաստատվեց  «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին» հավանություն տալու մասին որոշումը»,- հիշեցնում է պարբերականը և հավելում, որ որոշմամբ նախատեսված էր` «Գյումրիի տեխնոպարկը պետք է զարգացներ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, նորաձեւությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, արվեստը, ոսկեգործությունը, արհեստագործությունը եւ այլն»։

Սակայն, ըստ թերթի` «Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն այսօր հակառակն է պնդում. ծրագիրը չի իրականացվել, իսկ տեխնոպարկը գործելու մասին Տիգրան Սարգսյանի հայտարարություններն ուղղակի սուտ են։ Այս ամենն ակնհայտ է դառնում Տեխնոպարկը լուծարելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորումներից»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։