«Հետևելով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին օրերի քայլերին՝ հանգում ես միանշանակ եզրակացության. «Ժառանգության» առաջնորդն ինտենսիվ որոնումների մեջ է: Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, նա ևս դաշնակիցներ է որոնում: Առայժմ առանց մեծ հաջողությունների,- գրում է «Հայոց աշխարհը» և նկատում,- առանձնապես չարժե շատ կենտրոնանալ նաև ժողովրդի հետ կամ կողքին լինելու թեմայով ԲՀԿ-ից հնչած արտահայտությունների վրա, քանզի՝ «այս կուսակցության ներկայացուցիչներն առաջին անգամը չէ, որ հայտարարում են այդ մասին: …Կարելի է ասել, ՀՅԴ մասնակցությունը կամ «ժողովրդի հետ» լինելը հիմա ավելի շատ զուտ խորհրդանշական բնույթ ունի:… Ս

տեղծված կացության մեջ միանգամայն օրինաչափ է, որ արդեն իսկ նկատվում են Րաֆֆի Հովհաննիսյանին Լ.Տեր-Պետրոսյանի գիրկը մղելու ընդգծված միտումներ և ուղղորդումներ: Հարկավ նշված գործիչներն էլ կարող է և հանդիպեն, շատ հնարավոր է, որ տեսախցիկների առաջ նույնքան ջերմ ողջագուրվեն, բայց հազիվ թե դրանից որևէ կոնկրետ որոշում արտածվի: …Րաֆֆի Հովհաննիսյանը, որքան էլ ընդհանրական, շատ դեպքերում անգամ քաղաքական բաղադրությունից զուրկ լինեն նրա ելույթները, հուսանք, այս ամենը հասկանում, վերլուծում ու գնահատում է մյուսներից ոչ պակաս չափով: Վստահաբար նա էլ է հասկանում, որ այս փուլում չունի և չի ստացվում ունենալ կայուն, լիարժեք վստահելի դաշնակիցներ՝ ի դեմս ոչ իշխանական քաղաքական ուժերի: Այնինչ առկա իրավիճակից, որի ձևավորման համար նա նպատակային քայլեր է կատարել, պետք է ինչ-որ ելք գտնել: Գրոտեսկային պահանջները, որ նա ներկայացնում է երկրի ղեկավարությանը, ստուգապես ելք չեն: 

Իսկ եթե ելք չկա կամ գոնե առայժմ նա ինքն իր համար այն չի նշմարում, ապա առնվազն պետք է ժամանակ շահել: Դժվար չէ նկատել, որ ժամանակ շահելու խնդիր է հետապնդում նաև Սահմանադրական դատարան դիմելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: …Առավել հեռատես ու բանիմաց մարդիկ նկատում են, որ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը «պահեստային ելք» ունի: Ըստ հեռատեսների, Րաֆֆի Հովհաննիսյանը թիրախավորված գնում է դեպի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններ՝ «Ժառանգության» միջոցով մայրաքաղաքում տեղական իշխանությունը վերցնելու նպատակադրմամբ, և նրա ներկայիս կամուկացային, երբեմն անգամ ապակողմնորոշող քայլերը հանրագումարում կողմնակիցներին ու համակիրներին մինչև մայիսի 5-ը կազմ-պատրաստ պահելու, այդպիսով՝ ցանկալի արդյունք ստանալու խնդիր են լուծում»: