Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը թույլատրել է Ղրիմի թաթարներին հանրահավաք անցկացնել՝ նվիրված ստալինյան աքսորի 70-ամյակին, որի ընթացքում տուժել են բազմաթիվ թաթարներ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն և հավելում. «Այդ հանրահավաքը հնարավոր կլինի իրականացնել ոչ թե Ղրիմի կենտրոնական հրապարակում, ինչպես նախկին տարիներին էր, այլ մուսուլմանական Աբդալ գերեզմանոցում, որը քաղաքի հյուսիսային ծայրամասում է»:
Հիշեցնենք` մինչ այս Ռուսաստանին միացված Ղրիմի ղեկավարը չէր թույլատրում թերակղզում զանգվածային միջոցառումներ կազմակերպել՝ ելնելով Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններից։
Սակայն հիմա Աքսենովը այդ իրավունքը տվել է թաթարներին: Նրա հատուկ զեկույցում ասվում է, որ կենտրոնական հրապարակում հավաք իրականացնելը խելամիտ չէ:
Ի դեպ, մինչ այս արևմտյան լրատվամիջոցները փոխանցում էին, որ չնայած հանրային հավաքներ անելու արգելքին՝ շատ թաթարներ այդուհանդերձ պատրաստվում են մայիսի 18-ին դուրս գալ փողոց։ Նրանք նաև ասում էին, որ 23 տարվա ընթացքում առաջին անգամ է զանգվածային հիշատակումների արգելք մտցվում, և մարդիկ չափազանց դժգոհ են այս հանգամանքից։