Լուիզիանայի Սենատը բանաձեւ է ընդունել, դատապարտելով հայերի կոտորածներն Ադրբեջանում, և կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ ազդել Բաքվի վրա, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում,- հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի արևելյան թևը:

Բանաձևը ներկայացվել էր սենատոր Էդվին Մյուրեյի կողմից, ով դեռ անցած տարի նախաձեռնել էր Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը եւ կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը՝ աջակցել զարգացող ժողովրդավարական երկրի ինքնորոշմանն ու անկախությանը:

Նոր բանաձեւով սենատորները իրենց «ցավակցությունն ու աջակցությունն են հայտնել Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ գազանությունների եւ զանգվածային սպանությունների զոհերի հարազատներին»: Օրենսդիրները ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ են արել ազդել Ադրբեջանի կառավարության վրա՝ դադարեցնելու պատմական փաստերի նենգափոխումն ու պատժել մեղավորներին: