ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև առողջապահության և պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Հասարակական կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում է բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Խաչատրյանին: Հանդես գալով բացման խոսքով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը, Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ բանակի կազմավորման օրվանից սկսած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են կանգնած եղել զինված ուժերի կողքին` փորձելով կառուցողական մոտեցումներով աջակցել բանակում առկա խնդիրների լուծմանը: Տիկին Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունն իր նպաստն է բերելու ԶՈւ ռազմական բժշկության ոլորտի կատարելագործմանը և իր գործունեությամբ աջակցելու է զինված ուժերում առողջապահական գործընթացների կազմակերպմանն ու զինվորական բժիշկների խնդիրների լուծմանը: