Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի սկեսուրը, որի աչքի առջեւ է մահացել հարսը, պնդում է, որ հարսը մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը։
«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչեւ եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»,- ասաց Էվելինա Մինասյանը:
Սկեսրոջ խոսքով՝ մինչեւ ծնարան տանելը հարսին հետազոտել են ու ասել, որ պտղի սրտի աշխատանքը նորմալ չէ, միացրել են շնչառական ապարատ, այնուհետեւ տարել ծնարան, որտեղ վիճակն ավելի է վատացել:
«Նա էնքան էր վատացել, որ աչքիս առաջ աթոռին պառկած թփրտաց երեք անգամ ու էլ չկար, էդ ամբողջ ընթացքում բժիշկը կողքը չի եղել»,- պատմեց տիկին Էվելինան։
Կարինե Պապանյանի մայրը՝ Ռիմա Բարսեղյանն էլ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն տրված են, ու մեր թղթակցին ցույց տվեց եզրակացութունը, որտեղ գրված էր, որ մահվան պատճառ եղել է սրտային անբավարավածությունը:
«Եթե Կարինեն ուներ սրտի անբավարարություն, թող ընդհատեին հղիությունը, մի՞թե իրենք՝ բշիկները, չգիտեին, չէին տեսնում, որ սրտի անբավարություն ունի, ինչո՞ւ չարեցին ինչ-որ բան, որ փրկեին գոնե մեկի կյանքը. իրանք կերան երկու հոգու կյանք»,- արտասվելով պատմում էր Ռիմա Բարսեղյանը, որը ծննդաբերությունից անմիջապես առաջ հեռածոսով խոսել էր դտսեր հետ:
Սկեսուրը պատմեց նաեւ, որ հարսի մահից հետո րոպեներ անց բժիշկները հավաքվել են ծնարանում ու միմյանց մեջ քննարկել տեղի ունեցածը, ինքն էլ լսել է՝ ինչ են քննարկում ու խոսում.
«Ես իմ ականջով լսեցի, որ ինչ-որ բժիշկ ասաց, թե՝ ի՞նչ եք արել, դատական գործ եք սարքել, հիմա էդ բժիշկին ես դեմքով ճանաչում եմ, թող գան, կանգնեն ես կասեմ, թե որ մեկն էր ասողը, իմ հարսիս իրանք սպանեցին, տվեցին ձեռքս»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն երկու անչափահաս երեխաների մայրը երրորդ ծննադաբերության ժամանակ մահացել է պտղաջրային էմբոլիայից, որը կանխարգելել հնարավոր չի եղել։


