«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը:
Եվ ահա մի քանի ուշագրավ թվեր.
Երևան քաղաքում գործուղման օրապահիկը կազմում է 3000 ՀՀ դրամ, նվազագույն գիշերավարձը՝ 5000, առավելագույնը՝ 25.000: Կարծում եմ բոլորի համար է հասկանալի, թե ինչ նպատակով են վճարվում օրապահիկն ու գիշերավարձը, և հենց այդ ֆոնի վրա էլ եկեք համեմատենք այլ երկրների համար վճարվող օրապահիկի և գիշերավարձի համար վճարվող գումարի հետ:
Այսպիսով, հարևան Վրաստանում օրապահիկը կազմում է 87 ԱՄՆ դոլլար, գիշերավարձը՝ 94: Եթե համեմատենք Երևանի գործուղման թվերի հետ և հաշվի առնենք, որ գումարը չի ներառում տրանսպորտային ծախսերը, ապա ըստ Կառավարության որոշման տրամաբանության Վրաստանում մի քանի անգամ կյանքն ավելի թանկ է, քան Հայաստանում:
Մոտավորապես նույնքան գումար է նախատեսված նաև Մադագասկարի համար:
Դիտարկենք հարևան Իրանը. օրապահիկը՝ 77 ԱՄՆ դոլլար, գիշերավարձը՝ 149: Հերթական բացահայտումը. Իրանում էլ կյանքը մի քանի անգամ թանկ է:
Մի փոքր հեռանանք մեր հարևաններից, հասնենք Տաշքենդ. օրապահիկը կազմոում է 71 ԱՄՆ դոլլար, իսկ ահա Պրագայում՝ 81: Պարզվում է, որ ըստ մեր Կառավարության Պրագայում կյանքն ավելի էժան է, քան Վրաստանում:
Տարբեր առիթներով շատ եմ համեմատություններ արել՝ հիշելով Մոզամբիկը, այժմ էլ չեմ կարող չանդրադառնալ:
Մոզամբիկում օրապահիկը կազմում է 108 ԱՄՆ դոլլար: Իհարկե, մենք շատ հարուստ երկիր ենք, և մեր գործուղումներն էլ պետք է շատ ճոխ լինեն: Բայց կարծում եմ՝ ճոխությանն էլ չափ կա:
Տարբեր միջազգային ծրագրերով Ուզբեկստանում օրապահիկը կազմում է մոտ 30 ԱՄՆ դոլլար, Վրաստանում՝ 30-35, իհարկե գրանցվում են նաև ավելի դեպքեր:
Չեմ ուզում այլ աբսուրդի հասնող թվեր հրապարակել, սակայն հերթական անգամ պետք է նկատենք, որ ի վերջո պետք է դադարեցնել սիրողական մակարդակից էլ սիրողական որոշումներ կայացնելը: Տիգրան Սարգսյանի Կառավարությունից սանդղակը վերանայելու ակնկալիք չունեի, դեռ ավելին՝ խնդրի մասին չէի բարձրաձայնում, որովհետև անպայման սանդղակը "կվերանայվեր", բայց ելնելով «գնաճի» տրամաբանությունից՝ գործողումների գումարը մի բան էլ կավելանար: Հուսով եմ նոր Կառավարությունը, ելնելով նաև բյուջեի սղությունից, կվերանայի սանդղակը՝ թույլ չտալով անիմաստ վատնվել գումարները: