Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է և այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ուղերձ է հղել։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը բևեռելու բնապահպանական խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Դարեր շարունակ մենք երազում ենք միասնական հզոր Հայաստանի մասին, բայց այսօր կանգնած ենք ճակատագրով մեզ բաժին հասած հայրենի բնօրրանի այս փոքր մասի բնաշխարհը պահպանելու և արժանապատվորեն սերունդներին փոխանցելու խնդրի առաջ: Այդ պատճառով շրջակա միջավայրի օրը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է լինի տարվա յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վեր հանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:
Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Բնապահպանությունը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և վերածվի Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:
Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այսօր մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք»:
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ օրվա կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում հունիսի 5-ին ժամը 11:00-ին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ կպարգևատրվեն բնապահպանական խնդիրներն առավել ակտիվ և հետևողական լուսաբանող լրագրողները և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած Բնապահպանության նախարարության աշխատակիցները Թանգարանի բակում կկազմակերպվի կավճանկարչության միջոցառում:
Ժամը՝ 12:30-ից 17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Մ
Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես:Միջոցառման օրը՝ ժամը 12:30-ից 17:00-ն, բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կցուցադրվի «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես:Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում կանցկացվի բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով Օզոնի ազգային կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի/ CNF-ի/ ներկայացուցիչների մասնակցությամբ /ժամը 9:00-10:30/:Կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի Հավուց Թառ տանող էկոերթուղում՝ ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և արգելոցի աշխատակիցներին:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կանցկացվեն առաջին օգնության ուսումնական-ցուցադրական միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում /ժամը 11:00/»:


