Տեսանյութում ներկայացված է Հ. Բագրատյանի ելույթը ԱԺ նիստում: Ելույթի մեջ այս փորձառու տնտեսագետը, հայտնում է իր դժգոհությունը՝ կապված ՀՀ կառավարության վարկերի կառավարման արդյունավետության հետ: Իր խոսքում պատգամավորը նշում է նաև այս վարկերի թեստավորման անհրաժեշտությունը: Պետությունը պետք է ունենա վարկերի թեստավորման կենտրոն: Այսինքն, պետք է հաշվարկվեն մի շարք ցուցանիշներ, որի արդյունքում պարզ կդառնա, թե արդյո՞ք տվյալ վարկը որևէ արդյունք կապահովի տնտեսության համար, թե ոչ: Շարունակելով այս թեման Բագրատյանը նաև խոսում է իրենց կողմից կատարված հաշվարկների մասին, որոնք վկայում են, որ այս վարկերի մեջ 30%-ը տնտեսությանը վնասող վարկեր են:
Նա, որպես օրինակ բերում է նոր ներկայացված վարկերը: Վարկերին կից ներկայացվում է միայն տեղեկանք, որի մեջ բացակայում են շատ լուրջ և կարևոր ցուցանիշներ, որոնք կհիմնավորեն սրանց անհրաժեշտությունը մեր տնտեսության համար: Այս վարկերից մեկով նախատեսվում է կառուցել Երևան-Թալին հատվածը, որը ի սկզբանե առաջին կարգի ճանապարհ է և կարիք չկա այն «ավելի լավ առաջին կարգի» ճանապարհ դարձնելու:
Նա մասնավորապես ասում է.
«... Ես դժգոհ եմ այս մոտեցումից, ես դժգոհ եմ պրոֆեսիոնալիզմի պակասից: Մենք այսպես չպետք է շարունակենք, մենք իրավունք չունենք այսպես շարունակելու: Ես առաջարկում եմ մեծամասնությանը վերանայելու: Մենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ պիտի անենք:»
Ավելի մանրամասնորեն Հ. Բագրատյանի ելույթին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը: