Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարին մասնակցած հայկական պատվիրակության անդամ Ռիչարդ Կիրակոսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «անչափ զարմացած ու մտահոգված է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին Ադրբեջանի մայրաքաղաքում տեսնելով»։

«Հայաստանը պետք է սովորի բացի սեփական ուժից ոչ ոքի ու ոչ մի բանի չվստահել։ Ինքնությունն ու սեփական ուժերի վրա վստահ լինելն այն է, ինչ անհրաժեշտ է»,- գրել է քաղաքագետը։

Նշենք, որ այս օրերին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Լավրովն ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Պաշտոնյան նշել է, որ իր և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին: