«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի հուղարկավորությանը ներկա էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Արարողությունից հետո նա նշել է, որ անկախ այն բանից, թե ինչ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի հետ իշխանության գալուց հետո, այդ երկուսուկես տարին մինչև իշխանության գալը, կոմիտեն գործել է, որպես համերաշխ խումբ, որտեղ ոչ ոք ամբիցիաներ չի ունեցել։ ՀՀ առաջին նախագահը մասնավորապես ասել է.

«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն մի այնպիսի երևույթ է, որի նմանը երևի չի եղել պատմության մեջ, երբ մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր մասնագիտությունը, զբաղմունքը, բայց միշտ ապրել է հայրենիքի հոգսերով, երբ առիթը ծագեց, պատահական չէր, որ հենց այդ մարդիկ հավաքվեցին իրար շուրջ եւ ղեկավարեցին ղարաբաղյան շարժումը»:

Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոսքը շարունակել է՝ ասելով.

«Ցավ եմ ապրում, որ 88-ին սկսված իդեալիստական շարժումը, համավատարիմ լինելով թանկ արժեքների, ինչպիսիք են ազգը, պետականությունը, Արցախի ազատագրումը, ժողովրդավարությունը, ազատ շուկան, աշխարհի արժանապատիվ երկրների ընտանիքի անդամ դառնալու ձգտումը, դժբախտաբար, բոլոր այս արժեքներն այսօր ոչնչացված են։ Որովհետև իշխանության գլուխ են կանգնել հրեշներ, գազաններ, որոնք ոչ մի սրբություն չունեն։ Այս իշխանությունների համար ոչ ազգային, ոչ պետական, ոչ անգամ Արցախի գաղափարը արժեք չեն։ Վստահ եղեք, որ իրենց շահի համար նրանք կզոհաբերեն Արցախն էլ, Հայաստանն էլ, ամբողջ հայությունն էլ, և այդ ճանապարհին են նրանք։ Մարդ ուղղակի թշնամի պիտի լինի այս երկրին, այս ազգին, որ հանուն իր գրպանի, իր փորի, հանուն հոշոտելու, թալանելու, կողոպտելու կործանի իր սեփական երկիրը»:

Ավելի մանրամասնորեն ելույթին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը ilur.am