Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ դատախազության պատվիրակության այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար
ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարեւորել է հայկական երկու պետությունների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում եւ արդարության հաստատում: Գեւորգ Կոստանյանը ՀՀ դատախազության հիսուն հոգանոց պատվիրակության այցը Արցախ կարեւորել է նաեւ այն առումով, որ դատախազները, ում կայացրած որոշումները կարող են ազդեցություն ունենալ զինած ուժերում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտման վրա, անձամբ հնարավորություն ունենան լինելու պաշտպանական դիրքերում, իրավիճակն առավել ամբողջական գնահատելու նպատակով:
ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին: