«Ես երիտասարդների կողքին եմ. տեսնում եք` ինչպիսի լավ նախաձեռնությամբ են նրանք հանդես գալիս: Ահա այսպես պետք է բարձրակարգ մշակույթը տարածում գտնի»,- ասում է մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանն ու միանում Օպերային թատրոնի բակում իմպրովիզ երաժշտական երեկո կազմակերպած ՊԻԿ նախաձեռնությանը: Երաժշտության միջազգային օրը «Ինքնասպանի Գրառումներ» բալետային ներկայացման ստեղծագործական խումբը կրկին ինքնատիպ միջոցառում կազմակերպեց. դաշնամուրը` բացօթյա, կատարումները` իմպրովիզ, անակնկալները` շատ: Երեկոն սկսվեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի կատարումներով: Ի դեպ` հենց նրա երաժշտական պոեմի հիման վրա էլ բեմադրվել է «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: Այնուհետև` նրան միացան դաշնակահարներ Արմեն-Լևոն Մանասերյանը, Լևոն Մարտիրոսյանը և ուրիշներ: Ամենամեծ անակնկալներից մեկը, սակայն, Ռոբերտ Ամիրխանյանի մոտ մեկ ժամ շարունակվող կատարումն էր: Նա երգեց ներկաների հետ, նվագեց հին ու բարի, սիրված ու հայտնի ստեղծագործություններ: Ու հենց տեղում էլ գնեց մեծ պրեմիերային իր մասնակցության տոմսը:
Իմպրովիզային կատարումները շարունակվեցին մինչև ուշ երեկո: Քաղաքացիները միանում էին, երգում, նվագում: Այն հանդիսատեսները, ովքեր ներկայացան իրենց կատարումներով` անակնկալ նվեր ստացան` հրավիրատոմս մեծ պրեմիերային ներկա գտնվելու համար: «Այսպիսի երեկոներ` իմպրովիզ երաժշտական կատարումներ, այն էլ` բացօթյա, մեր քաղաքում հաճախ չէ, որ կհանդիպես: Մենք ուզում ենք հանդիսատեսին որակյալ երաժշտություն մատուցել, ինքներդ էլ տեսնում եք` ինչքան մարդ կա այստեղ, ու բոլորն էլ մեծ հետաքրքրությամբ լսում են: Պրեմիերային ընդառաջ սա մի քայլ էր, որով հանդիսատեսը, քաղաքացին, սովորական անցորդը անմիջական շփում ունեցան ստեղծագործական կազմի հետ: Շատ դրական արձագանքներ ունեցանք, ու վստահ եմ` նույնը կլինի նաև պրեմիերայից հետո: Այս նույն էնտուզիազմով ու պատասխանատվությամբ մեր թիմը պատրաստվում է ներկայացմանը»,-նշեց նախաձեռնության պրոդյուսեր Անուշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին` Օպերային թատրոնում: Այն իրականացնում է ՊԻԿ նախաձեռնությունը` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման ֆոնդի հետ համատեղ:
Հեղինակ` Մհեր Սահակյան