Այսօր՝ հունիսի 27-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Նոյեմբերի 5-ի գործով դատը: Այսպիսով Շանթ Հարությունյանը լսելով իր դեմ ներակայցված մեղադրանքը հայտնեց իր դիրքորոշումը՝ հիշելով մի պատմություն: Նա մասնավորապես ասաց.

«Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանը ու ևս մի քանի հոգի միասին հիմնում են «Փարոս» ընդդիմադիր թերթը, նրանց դրա համար դատեցին, և դատավորը դատարանում հարցնում է՝ ինչո՞ւ եք հենց առաջին համարը գցել ԿԳԲ-ի փոստարկղը, եթե էդտեղ չգցեիք, կարողա կարողանայիք մի քանի համար տպագրել, իրենք էլ ասում են՝ պետք է բոմբ գցեինք այդտեղ։ Հիմա ես էլ պետք է հենց Բաղրամյանում՝ նախագահականի մոտ դրանց տփեի»: 

Գործի առընչությամբ մյուս մեղադրյալները մերժում էին իրենց ուղղված մեղադրանքները և պատասխանում դրանց: Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը ասաց. «Ինձ դուք կարող եք դատապարտել միայն սրտացավ քաղաքացի լինելու համար»: 

Հիշեցնենք նաև, որ  «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձելով կանգնեցնել երթը հանգեցրել էին բախումների, որոնց արդյունքում էլ ձերբակալվել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: