ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել «Հրապարակ» թերթի հունիսի 27-ի համարում «Ում գերեզմանը խլեց Սմբատ Այվազյանը» հրապարակման առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««Հրապարակ» թերթի հունիսի 27-ի համարում «Ում գերեզմանը խլեց Սմբատ Այվազյանը» անհեթեթ ու վիրավորական վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ով հարկ եղած դեպքում միշտ հայտնել է իր հստակ դիրքորոշումը, ՀՀ Նախագահի ազգականը չէ: Այլ հարց, որ շատերն, ըստ երևույթին, խիստ ափսոսում են շահարկումների նման առիթի բացակայության համար:
Պետական, զինվորական գործիչ Սմբատ Այվազյանի հուղարկավորման վայրն ընտրվել է փոխադարձ համաձայնությամբ: Նկատի առնելով նրա վաստակը, տեղի ընտրությանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ղեկավարությունը: Վարդան Ավետիսյանը, ով համակարգում է ՀՀ ՊՆ մի շարք կառույցների, այդ թվում նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գործունեությունը, բնականաբար, գտնվել է այնտեղ, բոլորի աչքի առջև, ինչը սակայն, «Հրապարակին» չի խանգարում ոտնահարելով լրագրական էթիկան` զրպարտել ու անձնական վիրավորանքներ հասցնել նրան, խեղաթյուրել ողջ եղելությունը և իրականությունը ներկայացնել պատվիրատուներին ձեռնտու մատուցմամբ, թեև քննարկմանն ականատես են եղել բազմաթիվ կամավորականներ:
Ակնհայտ է, որ շիրիմի տեղի ընտրությունից դժգոհ են մնացել ոչ թե Սմբատ Այվազյանի մարտական ընկերները, այլ մի շարք նախկին պաշտոնյաներ և «հայտնի անձինք», ովքեր, հուղարկավորության նախօրեին, բոլորիս պատած վիշտը քաղաքական շիկացած իրավիճակի վերածելու հստակ նպատակով եկել էին «Եռաբլուր» ու ճիշտ կլինի նրանց մեջ որոնել «սկանդալի հեղինակներին»:
Ցավով ենք նշում, որ այդ մարդիկ, ովքեր շարունակ փորձում են քաղաքական անմաքուր խաղերի հորձանուտ ներքաշել ազատամարտիկներին, անգամ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունից հետո էլ չեն դադարում շահարկել կորստի ցավը և հեղինակում են անստորագիր զրպարտանքներ:
Մենք բոլորս մի օր հեռանալու ենք այս աշխարհից, և հողում բոլորիս համար ինչ-որ տեղ գտնվելու է: Լավ կլինի, որ դա հասկանա նաև «Հրապարակը», ով հայ մամուլի ավանդույթներն իջեցնում է ետնախորշերի անբարոյականության մակարդակին ու անթաքույց սպասելով նորանոր մահերի, «Եռաբլուրում» բաշխում ու վերաբաշխում է դեռ չփորված շիրիմների տեղերը»: