ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Տավուշի և Արագածոտնի մարզեր:
Տավուշի մարզում փոխվարչապետը նախ՝ ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետն այնուհետև մեկնել է սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի և Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարել համայնքի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվել են նաև շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը հանդիպել է նաև բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այնուհետև Ա.Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև փոխվարչապետը մեկնել է մարզի Խաչարձան համայնք, որտեղ ներկա է գտնվել նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Նորակառույց շենքը, բացի բժշկական և տնտեսական սենյակներից, ներառում է նաև բազմաֆունկցիոնալ սրահ: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ արգենտինահայ բարերարներ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ:
Ա. Գևորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ համայնքային նոր կառույցի շահագործման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա և Արտո Կալչիյաններին՝ համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական է գնահատել «Հայաստան» հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը:
Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնել է Արագածոտն: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը, վերջին օրերին կարկտահարության հետևանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվել են գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:
Մարզպետը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելել են համայնքներ, ծանոթացել իրավիճակին, տեղերում քննարկել կառավարությանն ուղղված առաջարկությունները: Փոխվարչապետը նշել է, որ հարցը կքննարկվի կառավարությունում և ընդունված որոշումների մասին կտեղեկացվի բնակչությանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն


