«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել: Տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակ քաղաքի բնակիչ Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին: Նախնական տեղեկություններով՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի պոմպավար Ջենիկ Խաչատրյանի մահը վրա է հասել ձկնորսության ժամանակ՝ հոսանքահարումից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին, Ագարակ քաղաքի մի խումբ բնակիչներ ժամեր շարունակ Արաքս գետում իրենց հարազատի դին են փնտրել: Ըստ հավաքվածների՝ գետում խեղդված տղամարդն Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Ջենիկ Խաչատրյանն է եղել, ով Էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ է որսացել և հոսանքահարվելով ընկել է գետը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մահացածի հարազատները ժամեր շարունակ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների հետ բանակցություններ են վարել Ջենիկ Խաչատրյանի դին համատեղ փնտրելու համար, սակայն սահմանապահների կողմից որոշ դժգոհություններ են եղել և նրանք այնքան էլ բարյացակամ չեն եղել հարազատների խնդրանքների նկատմամբ:
Ինչպես տեղեկացանք, 54-ամյա Ջենիկ Խաչատրյանն ապրում էր Ագարակ քաղաքում, ամուսնացած էր, ուներ երեխաներ և մեկ եղբայր: Ագարակցիների խոսքով՝ մահացածի հարազատների գրեթե մեծ մասն աշխատում է կոմբինատում:
Դեպքի որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ջենիկ Խաչատրյանի հարազատ եղբոր՝ Դենիկ Խաչատրյանի հետ, ով Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի վարորդն է»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: