«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այս տարվա օգոստոսի 1-ից ՀՀ բնակչությունը մեկ կՎտ/ժ էներգիայի դիմաց ստիպված կլինի վճարել 41 դրամ 85 լումա՝ ներկայիս 38 դրամի փոխարեն։ Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկելով ընդունեցին այս որոշումը։
Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին։ Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից՝ հավանաբար հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով։ Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1,5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման։
Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք են ձեռք բերում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրված գույքն ու եկամուտները։ Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է։ Պարզվում է՝ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է։ Նա և կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտների մեջ նշված է նաև 8300 դոլար, որը Նազարյանը ստացել է տրված փոխառությունների տոկոսներից»։
ՀԾԿՀ նախագահի կինը՝ Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է ամուսնուց մոտ 3 անգամ շատ գումար։ Տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 300 հազար դոլար և 2 մլն դրամ։ Նա նույնպես տրված փոխառություններ ունի և տարեկան տոկոսներ է ստանում դրանից՝ ավելի շատ, քան ամուսինը։ Եթե Ռոբերտ Նազարյանը 8300 դոլարի չափով է տոկոսներ ստացել, ապա Սվետլանա Խառատյանը՝ 2445 դոլարի»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի համարում: